Բաքվում եւ Ստեփանակերտում տեղի ունեցող շքերթը միջազգային հանրության ամոթն ու պարտությունն է, որը հանդիսատեսն է միջազգային իրավունքի նկատմամբ ռազմական ուժի եւ զոռբայության հաղթանակին
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երեք ամյակի նախօրեին եւ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած՝ արցախահայության բռնի տեղահանությամբ ուղեկցված ռազմական ագրեսիայից շուրջ երկու ամիս անց Ադրբեջանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ռազմական շքերթ է կազմակեպել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ շքերթ է տեղի ունենում նաեւ Բաքվում, որին մասնակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու հետ։
Քարոզչական այս միջոցառման նպատակն ակնհայտորեն ՀՀ-ին եւ ՀՀ-ում ապաստանած արցախահայությանը հոգեբանական ճնշման ենթարկելն է, հետեւապես պատահական չէ, որ շքերթի իրականացման վայր է ընտրվել նաեւ Արցախի մայրաքաղաքը, որը Բաքվի ագիտպրոպի մատուցմամբ Արցախի, Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի «կապիտուլյացիայի», նրանց նկատմամբ տարած հաղթանակի «վերջնականացման» խորհրդանիշն է։
Այս հանդիսության «առաջնային սպառողը» թեեւ Ադրբեջանի՝ Արցախյան առաջին պատերազմի պարտության միջոցվ անցած եւ, ինչպես ընդունված է մեզանում ասել՝ 30 տարի հոգեբանորեն նվաստացված հասարակությունն է, սակայն այն «արտադրված» է նաեւ «երկրորդային շուկայի»՝ «արտաքին սպառողի» համար, որը տարածաշրջանում խաղաղության, կայունության ջատագովությամբ հանդես եկող եւ ամենակարեւորը՝ ԼՂ խնդի կարգավորման գործում հանձնառություն ստանձնած միջազգային հանրությունն է։
Պատերազմական հանցագործության, էթնիկ զտման, ցեղասպանության աղաղակող ապացույց համարվող այդ ակտը՝ շքերթ անունով, նախեւառաջ հենց այդ՝ միջազգային հանրության ամոթն ու պարտությունն է, որը 44-օրյա պատերազմից երեք տարի անց հերթական անգամ հանդիսատեսն է լինելու միջազգային իրավունքի նկատմամբ ռազմական ուժի եւ զոռբայության հաղթանակին։ Այն միջազգային հանրությունը, որը, կրկնում ենք, հանձնառություն էր ստանձնել հասնել իր միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ, կրկում ենք՝ խաղաղ լուծմանը, սակայն թույլ տվեց Ալիեւին ոչ միայն սանձազերծել, այլեւ մարսել այդ պատերազմը, հետո լուռ հետեւց, թե ինչպես է Բաքվի տիրանը բզկատված Արցախի մնացած մասը կլանելու՝ հայաթափելու, արցախահայության ինքնորոշման հեռանկարը ոչնչացնելու պլանը գլուխ բերում՝ Արցախը կտոր առ կտոր զավթելով, Լաչինի միջանցքը փակելով, ենթակառուցվածքների աշխատանքը խափանելով, հումանիտար աղետ հարուցելով, որոնց էլ հաջորդեց «ավարտական ակտը»՝ սեպտեմբերի 19-ի հարձակումն ու արցախահայության բռնի տեղահանումը։ ԼՂ հարցը դեռ 44-օրյա պատերազմից հետո «փակված» համարած, ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ «այն աշխարհը» ուղարկած Ալիեւը շքերթի միջոցով փորձում է վերահաստատել նախկինում հնչեցրած իր ուղերձներն ու ապացուցել՝ 21-րդ դարում գործում է ոչ թե միջազգայնորեն հաստատված իրավակարգը, խաղաղության կոչերն ու դատապարտող բանաձեւերը, այլ՝ ուժերի դիսբալանսն ու դրա վրա հենված «ուժն է ծնում իրավունք»-ը։
Այս համատեստում հիշեցնենք, որ 2020-ին նույնպես՝ պատերազմից մեկ ամիս անց հանդիսությունների, «կռիվ-կռիվ» խաղի սիրահար Բաքվի բռնակալը «հաղթանակի շքերթ» էր կազմակերպել, որի ժամանակ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ տարիներ շարունակ բանակցած (հընթացս պարբերաբար խախտելով 1994 թ զինադադարի համաձայնագիրը) սուբյեկտը հայտարարել էր․ «Մենք ապացուցեցինք, որ հակամարտությունը ունի ռազմական լուծում։ Հակառակ դեպքում, այդ իրավիճակը՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ, կարող էր շարունակվել ևս երեսուն տարի»։ Շնորհակալություն հայտնելով մեծ եղբորը՝ Թուրքիային, ցուցաբերված աջակցության համար եւ թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, Ալիևը «մտել էր» նաեւ Հայաստանի տարածք՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։ Այս հայտարարությունն Ալիեւը չի անում այն պատճառով, որ ընդգրկվի կատակասերների ակումբում, այլ անում է՝ ելնելով Ադրբեջանի կողմից պետականորեն կեղծված պատմությունից, եւ հղում անելով այդ պատմությանը՝ հարեւան երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնում։ Դրանք դրսեւրվում են ՀՀ-ից «Զանգեզուրի միջանցք» պոկելու, ինչպես նաեւ անկլավների մասին հայտարարություններ անելով, վերջերս էլ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան փախստականների վերադարձի» մասին ցնորամիտ տեսլականը գեներացնելով։
Իսկ ի՞նչպես է պատրաստվում այդ հավակնությունների իրագործումը կանխարգելել տարածաշրջանի կայունությամբ սրտացավ միջազգային հանրությունը, արդյո՞ք կրկին դիտորդի՝ «անհանգստանում ենք, բայց ոչնչով օգնել չենք կարող» դիրք ընդունելով, թե՞ կլինեն Բաքվի վարքը սաստող առարկայական գործողություններ՝ դժվար է կանխատեսելը։ Բայց աներկբա է՝ եթե միջազգային հանրությունը Ալիեւին ուշքի չբերի՝ վերադարձնելով կառուցողականության, իրատեսության, միջազգային իրավունքի հարգման դաշտ, ապա վերջինս դեմ չի լինի իր հաջորդ «հաղթական շքերթի» անցկացման վայր որպես դիտարկել այլ քաղաքներն ու մայրաքաղաքները։
Հ․Գ․ «Թուրան» գործակալությունը դեռ օրեր առաջ էր անոնսել, որ նոյեմբերի 8-ի շքերթը շատ նման է լինելու 2020-ի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց, Բաքվում կայացած զորահանդեսին։ «Շքերթի ընթացքում ներկայացվելու է նաև հայերից որպես ռազմավար վերցված զինտեխնիկան»,-հայտնել էր ադրբեջանական գործակալությունը։ Նկատենք, որ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած՝ Բաքվի ձեւակերպմամբ «հակաահաբեկչական օպերացիայից» մեկ օր անց ՌԴ խաղաղապահ հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ամբողջությամբ պետք է լուծարվեր և զինաթափվեր, իսկ ռազմական տեխնիկան պետք է դուրս բերվեր Ղարաբաղից և շուտափույթ ոչնչացվեր։ ՊԲ-ի կողմից հանձված զինամթերքի, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի պահեստների պահպանությունն իրականացվում էր ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից՝ համատեղությամբ ադրբեջանական կողմի։ Հետեւապես հարց է ծագում, թե ինչպես է Բաքուն շքերթի ժամանակ հայերից որպես ռազմավար վերցված զինտեխնիկան ցուցադրելու, եթե ըստ հրադադարի մասին հայատարարության, դրանք պետք է ոչնչացված լինեին, այլ ոչ թե՝ հայտնվեին Ադրբեջանի կազմակերպած շքերթում։