Պետք է լինի խաղաղության այնպիսի պայմանագիր, որ չառաջացնի խնդիրներ և պատերազմի հավանականություն. Պապոյան
«Հայաստանը երբեք ոչինչ չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի 1974-1975 թվականների քարտեզներով, իսկ, օրինակ, այդ քարտեզներով նույն Տավուշի մարզում մենք ունենք 7-8 գյուղեր, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով 8 գյուղերի մասին Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին:
«Սահմանը քարտեզով եթե նայում եք՝ զիգզագաձև է, իրական սահմանը՝ ավելի ուղիղ. հիմա տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ սահմանը այդ մասով կարող է մնալ այն տեսքով, ինչ տեսքով կա, մյուս տարբերակով կարող է լինել, որ ինչ-որ վարելահողեր, որոնք մեր գյուղերին են պատկանել, պետք է, բնականաբար, նորից անցնեն Հայաստանին։ Այդ գործընթացի արդյունքում ՀՀ տարածքը պետք է լինի 29800 քառակուսի կմ: Անկլավների հարցը, բնականաբար, պետք է արտացոլվի խաղաղության պայմանագրերի մեջ»,- ասաց Գևորգ Պապոյանը։
Նա ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի կարևորագույն դրույթներից մեկը հենց այն է, որ արձանագրվի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 29800 քառակուսի կմ տարածքը, ճանապարհների ապաշրջափակումը, տևական խաղաղությունը։ «Այս համատեքստում խաղաղության պայմանագրում չպետք է լինեն դրույթներ, որոնք իրենց մեջ կարող են ռումբեր պարունակել: Պետք է լինի այնպիսի պայմանագիր, որ չառաջացնի այլ խնդիրներ և նոր պատերազմի հավանականություն»,- ասաց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ դրանով է պայմանավորված գործընթացի երկարելը։