Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է Աննա Վարդապետյանին՝ Արցախի պաշտոնյաների կողմից հնարավոր չարաշահումների հարցով
Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:
«Այն քաղաքացիներին, որոնք ունեն տեղեկություններ կամ փաստեր վերոգրյալի կապակցությամբ, հորդորում ենք աջակցել գործընթացին և դրանք ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին»,-ասված է հաղորդագրության մեջ: