Իշխանությունը վերցնելու պլանը ինչու է կոչվել «Հյուսիսային տերևաթափ», որտեղից են հրահանգավորվել. Քոչարյանը մանրամասնել է
«Դրանից մեկ կամ երկու ամիս առաջ բացահայտվեց ևս մեկ խումբ՝ պարոն Ալբերտ Բազեյանի գլխավորությամբ, և գտնվում են կալանքի տակ, հայտնվեց մյուս տերևաթափ խումբը»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ բացահայտված «Հյուսիսային տերևաթափ» անվամբ ահաբեկչական խմբին:
«Սա խոսում է այն մասին, որ մեր ԱԱԾ-ն օր առաջ կարողանում է ոչ միայն տեղեկատվությունը հավաքի, այլ նաև իրացնի: Եվ եթե հիմա մեզ հաջողվի ևս ինչ-որ խմբեր բացահայտել՝ «տերևաթափ» կամ այլ անվանումով, դա պարզապես մեր ներքին անվտանգության խնդիրները կդնի շատ բարձր հիմքերի վրա»,- ասել է Քոչարյանը:
Հարցին՝ «հյուսիսային» բառը պատահակա՞ն էր, թե՞ ոչ, նա արձագանքել է՝ ասելով, որ ոչ մի բառ չի կարող պատահական ընտրված լինել:
«Որովհետև ամեն բառը մեսիջ է, թե որտեղից իրենք պետք է ստանան այդ ուժը նման որոշման հանգելու համար: Հիմա հյուսիսը կարող է Հյուսիսային օվկիանոսն է, բայց պետք է ամեն բառ մանրամասն ուսումնասիրվի, որպեսզի հասկանանք, որ եթե կան վտանգներ, ապա դրանց սկզբնաղբյուրը որտեղ փնտրել»,- նկատել է Քոչարյանը և հավելել. «Ամեն ինչ նշանակություն ունի՝ բառը, կոշիկի ռազմերը, զենքի տեսակը, այն ամենը, ինչ վերաբերում է նման խմբերի ձևավորմանը: Եվ եթե «Հոկտեմբերի 27»-ից առաջ նույն մեր ԱԱԾ-ն նման ձև իրեն դրսևորած լիներ, մենք չէինք ունենա «Հոկտեմբերի 27», և այն անհաջողությունների շղթան, որ 27-ից հետո մեր պետությունն արձանագրեց իր գոյատևման տարիների ընթացքում»,- ասել է իշխող ուժի անդամը: