Որոշ երկրներ փորձում են խաթարել լեգիտիմ իշխանությունն ԱՊՀ երկրներում. Պուտին
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և ընդհանուր առմամբ իրավիճակը ԱՊՀ երկրներում։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Գլոբալ անկայունությունը փոխանցվում է նաև Եվրասիա: Ավելին, որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, սոցիալական կայունությունը և ավանդական արժեքները, մեր ավանդական սերտ առևտրային, համագործակցության և մշակութային կապերը խաթարելուն»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրների համար ընդհանուր սպառնալիքներ են մնում ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և անօրինական միգրացիան, արմատականությունն ու ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։
ՌԴ նախագահը վստահ է, որ Անվտանգության խորհուրդների միջոցով համագործակցությունը կշարունակի ծառայել ԱՊՀ երկրների կայունության և անվտանգության ամրապնդմանը և ընդհանուր նպատակներին հասնելու համակարգված մոտեցումների մշակմանը։