Գիտնականները լուծել են աֆրիկյան փղերի զանգվածային անկման առեղծվածը
Գիտնականներին հաջողվել է գտնել 2020 թ.-ին Զիմբաբվեի հյուսիս-արևմուտքում աֆրիկյան փղերի զանգվածային անկման պատճառը։ Այդ տարի օգոստոսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 35 փիղ էր անկել, ընդ որում, նրանցից 11-ը՝ մեկ օրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Նույն 2020 թ․-ին հարևան Բոտսվանայումընդամենը երեք ամսում 350 փիղ էր անկել։
Մասնագետները նախ մտածում էին, որ դա տեղի է ունեցել որսագողության, թունավորման կամ երաշտի պատճառով։ Սակայն ուսումնասիրություններից հետո այդ տարբերակները բացառվել են, քանի որ որսագողության ժամանակ պետք է հեռացված լինեին փղերի ժանիքները, իսկ դրանք տեղում էին։ Թունավորման տարբերակը բացառվել էր, քանի որ լեշակեր կենդանիների մարմիններ փղերի մոտ չկային, ինչը տեղի կունենար թունավոր միսն ուտելու պարագայում։ Իսկ երաշտի հետևանքով ջրազրկումից անկելու դեպքում փղերի վրա կլինեին ջրազրկման նշաններ, ինչը նույնպես բացակայում էր։
Ամիսներ տևող քաշքշուքներից հետո գիտանականներին հաջողվել էր վերցնել նմուշներ և դրանք անալիզի ենթարկել։ Պարզվել է, որ փղերը անկել են բակտերիալ վարակի պատճառով։ Համապատասխան հետազոտությունը հրատարակվել է 2023 թ. հոկտեմբերի վերջին գիտական ամսագրում։ Փղերի անկման պատճառ դարձած վարակը կոչվում է «Bisgaard taxon»:
Փղերը ստիպված են եղել չոր եղանակի պատճառով երկար ճանապարհ անցնել ջուր և սնունդ հայթայթելու համար։ Ըստ գիտնականների՝ փղերի մոտ վարակի բռնկման պատճառ են դարձել շոգը, երաշտը և պոպուլյացիայի խտությունը։ Իսկ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ նման ծայրահեղ պայմանները կարող են ավելի հաճախակի դառնալ և հետագայում փղերի անկման դեպքերը կարող են հաճախանալ։
2007-2014 թվականներին աֆրիկյան փղերի թիվը նվազել է 144 000-ով՝ հասնելով 350 000-ի։ Ըստ հետազոտության՝ նրանց թիվը շարունակում է նվազել տարեկան 8 %-ով։