Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հարավում նորից չորս ժամով «միջանցք» է բացել
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային հայտարարել է, որ ԻՊԲ-ն կրկին «միջանցք» է բացել այն քաղաքացիական անձանց համար, որոնք Գազայի հատվածի հյուսիսից հեռանում են հարավ։ Այս մասին պաշտոնյան գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
Ադրային նշել է, որ ԻՊԲ-ն Սալահ ալ Դին ճանապարհով անցումը թույլ կտա տեղի ժամանակով ժամը 10։00-ից 14։00-ը։
«Հանուն ձեր սեփական անվտանգության՝ օգտվեք այս հաջորդ հնարավորությունից և շարժվեք դեպի հարավ՝ Գազա գետից այն կողմ․․․ Եթե մտահոգվում եք Ձեր և Ձեր հարազատների մասին, ուղղվեք դեպի հարավ՝ ըստ մեր ցուցումների», - գրել է ԻՊԲ-ի խոսնակը։
«Ձեզնից շատերը հիմա անում են դա․․․», - հավելել է Ադրային՝ գրառմանը կցելով դա փաստող տեսանյութ։
Իսրայելը խաղաղ բնակիչների անցման համար չորս ժամով միջանցք էր բացել նաև նոյեմբերի 6-ին։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման անակնկալ հարձակումից հետո, երբ Իսրայելում սպանվեց 1400 մարդ, իսկ 240 մարդ գերեվարվեց, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային։ Այդ հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը, նրանց թվում կա 4100 երեխա։