Վագիֆ Խաչատրյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման
Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Խաչատրյանը դատական նիստում վերջին խոսքով էր հանդես եկել, ասել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու դատարանին խնդրել էր արդարացնել իրեն:
Նրա փաստաբանը, որն ադրբեջանցի է, նույնպես դատարանին խնդրել էր արդարացնել Վագիֆ Խաչատրյանին։
Գործով մեղադրող դատախազը, սակայն, պահանջել էր 15 տարվա ազատազրկման դատապարտել Վագիֆ Խաչատրյանին։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ էր ուղարկել ընտանիքին, գրել էր՝ «ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք»։