Ալեքսանդրինյան թատրոնի օրերը Երևանում կանցնեն երկու ներկայացումների ցուցադրմամբ
Երևանի միջազգային թատերական փառատոնի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-12-ը Հայաստանում կանցկացվեն Ալեքսանդրինյան թատրոնի օրերը։
Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Ֆոկինը լրագրողներին ասել է, որ թատերախումբը Հայաստան հյուրախաղերի է մեկնում իր նախորդ այցելությունից 40 տարի անց։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Հայաստանում հյուրախաղերը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն։ Զարմանալի է, բայց Ալեքսանդրինյան թատրոնը Երևան է ժամանում իր ամբողջ պատմության ընթացքում ընդամենը երկրորդ անգամ։ Ուղիղ 40 տարի առաջ՝ 1983 թվականի հոկտեմբերին, այստեղ ցուցադրվեց «Քանի դեռ բաբախում է սիրտը» ներկայացումը, որն, անշուշտ, կարևոր էր այն ժամանակվա խաղացանկի համար: Հիմա մենք բերում ենք բոլորովին այլ Ալեքսանդրինյան թատրոն, որը 21-րդ դարում վերականգնել է Ռուսաստանի առաջին և առաջատար դրամատիկական թատրոնի` իր կարգավիճակը»,- ասել է Ֆոկինը։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվեն Ֆոկինի «Ամուսնություն» և թատերախմբի գլխավոր ռեժիսոր Նիկիտա Կոբելևի «Արարածը» ներկայացումները։ Բացի այդ, տեղի կունենա «Պետրոպոլիս» ֆիլմի հատուկ ցուցադրությունը և կներկայացվի «Ռուսական բեմի ընտիր կերպարները» ցուցահանդեսը։
Ինչպես նշել է գեղարվեստական ղեկավարը, իր համար շատ կարևոր է նաև հանդիսատեսի հետ հանդիպումը, մինչ իր «Պետրոպոլիս» ֆիլմի ցուցադրությունը։ «Համոզված եմ, որ հիմա այն ժամանակն է, երբ հատկապես անհրաժեշտ է հնարավորություն ունենալ խոսելու, լսելու, հասկանալու միմյանց»,- կարծում է ռեժիսորը։
Սա պետերբուրգցիների պատասխան այցն է Երևան։ Այս աշնանը Սունդուկյանի անվան ազգային թատրոնը հաջողությամբ հանդես եկավ «Ալեքսանդրինսկի» XI միջազգային թատերական փառատոնում՝ այստեղ ցուցադրելով երկու բեմադրություն։