Եռաբլուրում խուլիգանության, 2 պատգամավորների մուտքը խոչընդոտելու վարույթի նյութերը, 2 անձի մասով, ուղարկվել են դատարան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2023թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնի տարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու և խուլիգանության դեպքի էական հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
«Ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023թ․ սեպտեմբերի 21ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հ․ Ասլանյանի, Հ․ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, նաև՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ԱԺ պատգամավոր Հ․ Աղազարյանին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ սպետեմբերի 21-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Ա․ Գ․-ն, Ա․ Ա․-ի և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ այլ անձանց հետ՝ խմբի կազմում, գտնվելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական նորմերի նկատմամբ, Հայաստանի անկախության պետական տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հ․ Աղազարյանի և Հ․ Ասլանյանի քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված՝ սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են հնչեցրել և անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին։
Այդ ընթացքում Ա․ Գ․-ն ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին, իսկ Ա․Ա․-ն հրել և սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ է հնչեցրել պատգամավորների հասցեին։ Այդ գործողություններով խոչընդոտվել և թույլ չի տրվել պատգամավորներին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Շարունակվող խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել են միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված երկու անձանց վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։
Ա․Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ նշված երկու անձանց մեղսագրվող արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Նշվում է, որ խուլիգանական արարքներին այլ անձանց առերևույթ մասնակցության մասով նախաքննությունը շարունակվում է։