Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանին կոչ է արել բաց չթողնել իր «հատուկ հնարավորությունը»
30 տարի անց «ադրբեջանական» հողերի «օկուպացիայի» ավարտը և այդ հողերի վրա մեր ինքնիշխանության վերականգնումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար նոր հեռանկարներ են բացում։ Այս մասին Բուխարեստում իր ռումինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այս կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը՝ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Մենք հակառակ կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում և փոխադարձ քայլեր։ Հույս ունենք, որ այս հատուկ հնարավորությունը բաց չի թողնվի»,- ասել է Բայրամովը։