Իսրայելը կրկին բացել է դեպի հարավ Գազայի բնակիչների տարհանման միջանցքը
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ փոխգնդապետ Ավիչայ Ադրայը հայտնել է, որ զինվորականները կվերաբացեն հումանիտար միջանցքը՝ Գազայի հյուսիսային հատվածից հարավ խաղաղ բնակիչների տեղափոխության համար: Իսրայելական բանակը պարզաբանել է, որ պաղեստինցի զինյալները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան, գրում է BBC-ն:
Սա առաջին դեպքը չէ, երբ իսրայելցի զինվորականները խաղաղ բնակիչներին կոչ են անում շարժվել հարավ, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններն ավելի փոքր ծավալով են ընթանում: Հումանիտար միջանցքը գործել է նաև կիրակի:
Ենթադրվում է, որ մինչ այժմ հարավ է տեղափոխվել մոտ 800 հազար մարդ։ Բազմաթիվ բնակիչներ, սակայն, մնացել են անկլավի հյուսիսում, քանի որ հարավային հատվածն էլ նրանց համար անվտանգ չէ։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունների համաձայն՝ պաղեստինցի զինյալները փորձում են կանխել տեղի բնակչության տարհանումը՝ նրանց վախեցնելով: