Գիլոյանը՝ Ֆիզկուլտինստիտուտի շուրջ կատարվողի մասին
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներն այսօր դասադուլ են իրականացնում։ Նրանք բողոքում են ռեկտոր Դավիթ Խիթարյանի պահվածքից՝ նշելով, որ կառույցում կան մի շարք անարդարություններ։
Հարցի վերաբերյալ ավելի մասնրամասն տեղեկատվություն ստանալու համար Auroranews-ը կապ հաստատեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ:
Գիլոյանը նշեց, որ ընդունել է ուսանողական խորհրդի անդամներից մի քանիսին։
«Զրուցել եմ, իրենք ունեն բողոք, ունեն խնդիրներ, ուսանողական խորհուրդն ունի իր տեսակետը։ Ամեն ինչ օրենքի սահմաններում, օրենքի դաշտում է լինելու։ Մենք կհրավիրենք հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ և նիստի ժամանակ բոլոր խնդիրները կքննարկենք»,- մանրամասնեց Գիլոյանը։
Ավելի վաղ 24News-ի հետ զրույցում ուսանողները հայտնել են, որ առանց պատճառաբանության մի շարք ուսանողների զրկում են անվճար համակարգում սովորելու հնարավորությունից, այն տալիս են իրենց ծանոթներին, ովքեր չունեն համապատասխան բալեր անվճար համակարգում սովորելու համար։ Ուսանողների խոսքով՝ հեռացնում են ամբիոնի վարիչներին, դասախոսներին, որոնք կանգնել են ուսանողների կողքին, դատի են տվել ուսանողական կազմի նախագահին, քանի որ նա գիտաժողովում բարձրացրել է տվյալ հարցը։