«Հանրային տրանսպորտից օգտվելիս պետք է վստահաբար իմանալ, որ այն ավելի շահեկան է». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին, մասնավորապես, 8,6 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու հարցին․
«Նախկինում քննարկել էինք, որ ևս 171 հատ 8,6 մետրանոց ավտոբուս պետք է գնենք, ինչպես նաև էլեկտրոավտոբուսներ, սակայն հանգել ենք նրան, որ մեր ավտոբուսային պարկի՝ չափից ավելի դիվերսիֆիկացիան կարող է խնդիրների առաջ կանգնեցնել։ Այսինքն, ակնկալվում է, որ այս 171 ավտոբուսները նույնանման կլինեն, ավելի մատչելի կլինեն, բայց մեր հաջորդ փուլի 18 մետրանոցների շուրջ միայն քննարկում ենք էլեկտրոավտոբուսների տարբերակը»,- ասել է նա:
Ըստ Տիգրան Ավինյանի՝ խնդիրը հանրային տրանսպորտի համակարգը ամբողջացնելն է, համալրելը նոր ավտոբուսներով, միասնական տոմսային համակարգ ունենալը, ավտոբուսային գծեր ունենալը, հնարավորությունները միայն հանրային տրանսպորտի համար ավելացնելը և անհատական մեքենաների համար նոր սահմանափակումները:
Նրա խոսքով՝ մարդիկ հանրային տրանսպորտից օգտվելիս պետք է վստահաբար իմանան, որ դա ավելի շահեկան է և՛ ֆինանսական, և՛ ժամանակային տեսանկյունից, քան անձնական ավտոմեքենայով ճանապարհորդելը: