«Երբ մենք պնդում ենք, որ Արցախն անկախ պետություն է, իրավաչափ է դիտարկվում նաեւ Արցախի տարածքում զինտեխնիկա ունենալն ու ռազմական գործողություններ ծավալելը»․ Գևորգ Դանիելյան
«Առավոտի» զրուցակիցն է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։
-Պարոն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս քրեական գործ հարուցեց Սամվել Բաբայանի ներկայացրած հաղորդման հիման վրա՝ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասով։ Եվ կա այս հարցադրումը, որն եթե ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, ՀՀ դատախազությունն ի՞նչ իրավազորություն ունի Արցախում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության վերաբերյալ քրեական գործ հարուցելու։
-Այս կարեւոր հարցը, իմ համոզմամբ, բոլորովին այլ տեսանկյունից է հնչեղություն ձեռք բերել։ Մասնավորապես, քննարկումները սահմանափակվել են տարածված այն թյուր մեկնաբանությամբ, թե ՀՀ դատախազությունն իրավասու չէր քրեական վարույթ իրականացնելու Արցախում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության փաստով։
Մինչդեռ՝ այդպիսի քրեական վարույթ կարող էր սկսվել, ինչը հստակ ամրագրված է գործող քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, քանզի, դատելով մամլո հաղորդագրություններից, խոսքը հաղորդման մեջ Հայաստանի շահերի դեմ ուղղված ենթադրյալ փաստերի մասին է։
Մասնավորապես, հաղորդումը վերաբերել է իբր զենքը, ռազմական տեխնիկան ու ռազմամթերքը թշնամուն անվնաս հանձնելուն։ Մի կողմ թողնենք այն, թե որքանով է այս հաղորդումը մոտ իրականությանը, ինչպես կարող էր Արցախն առաջինը լքածներից մեկն ունենալ այդպիսի ստույգ տեղեկատվություն, հատկապես՝ ստեղծված անասելի անվտանգային իրավիճակում զինտեխնիկան հանձնելու հանգամանքների շուրջ, մանավանդ, որ իրազեկ մարդիկ ճիշտ հակառակն են պնդում, հավաստիացնելով, որ, օրինակ, տանկերի շարժիչները վնասվել են՝ յուղն ամբողջովին թափելուց հետո, դրանք գործի մեջ դնելու միջոցով եւ այլն։
Բայց, կրկնում եմ, սրանք էական չեն այս պահին, վերջին հաշվով, քննությամբ դրանք կպարզվեն, իսկ հրապարակավ դատողություններ անելն անիմաստ զբաղմունք է։