Սինգապուրի վարչապետը իշխանությունը կփոխանցի տեղակալին մինչեւ 2025թ. համընդհանուր ընտրությունները
Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը, որը կառավարությունը գլխավորում է 2004 թվականից, լիազորությունները կհանձնի իր տեղակալ Լոուրենս Վոնին մինչեւ 2025թ. համընդհանուր ընտրությունները։ Այս մասին նա հայտնել է Ժողովրդական գործողություն կուսակցության ժողովում։
«[Իշխանությունը] կհանձնեմ փոխվարչապետ Լոուրենս [Վոնին] հաջորդ համընդհանուր ընտրություններից առաջ։ Դրանից հետո կանցնեմ նոր վարչապետի տրամադրության տակ»,- ասել է նա։
Լոուրենս Վոնը կգլխավորի կուսակցությունը ընտրարշավի ժամանակ եւ կկարողանա «շահել իր սեփական մանդատը»։
Լոուրենս Վոնը 2022թ. հանրապետության ղեկավարների չորրորդ սերնդի առաջնորդն է անվանվել։ Ժամանակակից Սինգապուրի հիմնադիր Լի Կուան Յուի ստեղծած քաղաքական համակարգի համաձայն՝ վարչապետի թեկնածուն աստիճանաբար է մտցվում կառավարության կազմ՝ փուլ առ փուլ զբաղեցնելով կարեւոր պաշտոնները։ Լի Սյան Լուն բազմիցս ասել է, որ 2022թ. պատրաստվում է թողնել պաշտոնը։ Բայց կորոնավիրուսի համավարակը ստիպեց նրան հետաձգել այդ որոշումը։