Տորք Անգեղի այգու մեջ դատարանը պարտադրում է՝ տանք շինթույլտվություն, ինչ-որ մեկը պիտի բացատրի` էդ ոնց է լինում. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մի շարք կարևոր խնդիրների ուղղությամբ համակարգված աշխատանքում առկա խնդիրներին, մասնավորապես` դատարանների կողմից կայացվող որոշումների առումով:
«Բավական լուրջ խնդիրներ է առաջացնում, երբ մի հարց փորձում ես լուծել, որը վստահաբար բխում է հանրային շահից, և մենք անընդհատ հանդիպում ենք իրավական խոչընդոտների: Երևանի քաղաքապետարանը, Տեսչական մարմինը` բոլորս նույն տրամաբանության մեջ են, բայց մարդիկ ունենում են հնարավորություն` իրենց բենզալցակայանի աշխատանքը շարունակելու` բնակելի շենքին կպած, դատարանի որոշմամբ»,- ասաց նա:
Ավինյանի գնահատմամբ` սա անտրամաբանական է և անընդունելի, չի կարող նման բան լինել, երբ Երևանի քաղաքապետարանն ունի կոնկրետ ուղղություն, կոնկրետ ծրագրեր, որոնք վստահաբար հանրային շահից են բխում, տեսչական մարմինն իրենց աջակցում է, սակայն մարդիկ հնարավորություն են ունենում կասեցնել իրենց գործողությունները:
«Կարծում եմ` քննարկումներ պետք է իրականացնենք, և այս հարցով, և պետք է քննարկել դատարանների կողմից պարտադրվող ճարտարապետահատակագծային նախագծերը, որոնք, օրինակ, այգու տարածքում են: Ես, անկեղծորեն, չեմ կարողանում հասկանալ, չեմ պատկերացնում` ոնց է դատավորը այդ որոշումը կայացնում: Ասենք, Տորք Անգեղի այգու մեջ դատարանը պարտադրում է, որ մենք տանք շինթույլտվություն, չեմ հասկանում, ինչ-որ մեկը ինձ պիտի բացատրի` էդ ոնց է լինում»,- ասաց Ավինյանը եւ շարունակեց. «Ես վստահ եմ, որ այստեղ կա մեր անելիքը: Ես շատ դեպքերում վստահ եմ, որ գլխավոր հատակագծի թեման արդարացում է, որովհետեւ կան բաներ, որ չի կարելի անել: Եթե կան ինչ-որ մարդիկ, որ չեն հասկանում, որ չի կարելի տենց բան անել, պետք է հասկանալ՝ այդ մարդկանց հետ ինչ անել»: