Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան գործունեությունը շարունակում է Հայաստանում․ ԱՖՖ փոխնախագահ
Բռնի տեղահանումից հետո արցախցի ֆուտբոլիստները ծանր վիճակում են: Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է գործունեությունը Երեւանում, բայց հավաքականի հետ կապված ծրագրեր դեռ չկան: Երեւանում գործունեությունն է շարունակում «Լեռնային Արցախ» ակումբը: Թիմն ամբողջությամբ պահպանված է եւ այժմ խաղում է Առաջին խմբում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մհեր Ավանեսյանը:
Պարոն Ավանեսյան, բռնի տեղահանումից հետո ի՞նչ կարգավիճակ ունի Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան, գործունեություն ծավալո՞ւմ է, թե՞ ոչ:
Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան գործունեությունը շարունակում է Հայաստանում եւ համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ֆուտբոլի Արցախի հավաքականի հետ կապված դեռեւս ծրագրեր չունենք, բայց ֆեդերացիան աշխատանքը կատարում է: Հայաստանի ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության մեջ ենք: Որեւէ խնդիր չունենք, մեծ աջակցություն ենք ստանում ՀՖՖ-ից:
Հոգեբանական ի՞նչ վիճակում են բռնի տեղահանված ֆուտբոլիստները: Ինչպե՞ս են հաղթահարում այս շրջանը:
Բոլորի մոտ էլ ծանր վիճակ է: Հավաքականի ֆուտբոլիստներին հրավիրել ենք «Լեռնային Արցախ» ակումբ: Նրանք այժմ ադապտացիայի փուլում են: Ծանր վիճակ է, բայց հույս ունեմ, որ նրանց մոտ ամեն ինչ կկարգավորվի եւ շուտ կընդգրկվեն ֆուտբոլի մեջ:
ConIFA-ի աշխարհի առաջնության եվրոպական գոտու D խմբի Աբխազիա - Արցախ ընտրական հանդիպումը հետաձգվել էր եւ պետք է անցկացվեր մինչեւ հոկտեմբերի 30-ը: Կա՞ որեւէ հստակություն այս հարցում: Մասնակցելո՞ւ եք խաղին, եթե անցկացվի:
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA-ի) Աբխազիա -Արցախ հանդիպման մասով դեռ որեւ հստակություն եւ տեղեկություն չկա: Տեղյակ չենք, թե ինչ է լինելու: Եթե հրավեր ստանանք, այդ ժամանակ կկարգավորենք այս հարցը, կհասկանանք, թե ինչ ենք անելու: Առայժմ որեւէ տեղեկություն չունենք՝ անցկացվելու է, թե ոչ:
«Լեռնային Արցախ» ակումբը շարունակո՞ւմ է բնականոն գործունեությունը:
«Լեռնային Արցախ» ակումբը շարունակում է գործունեությունը: Թիմը պահպանվել է, տեղափոխվել է Երեւան: Այժմ մասնակցում ենք Հայաստանի Առաջին լիգային: Հերթական խաղը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, որտեղ կմրցենք «Արարատ 2» թիմի հետ: Ակումբի գործունեությունը նորմալ շարունակվում է: Մարզումներն անցկացնում ենք Ձորաղբյուրում՝ «Արարատի» մարզական համալիրում: Խաղերը նույնպես այնտեղ ենք անցկացնում: Թիմն ամբողջությամբ պահպանված է, բոլորը տեղափոխվել եւ ֆուտբոլային կարիերան շարունակում են Հայաստանում: Մեզ հետ են նաեւ լեգեոներները: