Ճապոնիայի վարչապետը կորցնում է աջակցությունը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարության աջակցությունը ընկել է ենթադրյալ կրիտիկական 30% նշագծից՝ մինչև 28,3%, մինչդեռ անվստահության մակարդակը բարձրացել է մինչև 62%։ Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այս մասին են վկայում Kyodo գործակալության կողմից անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության տվյալները։
Այսպես, Ճապոնիայի նախարարների կաբինետի վարկանիշը հոկտեմբերի արդյունքների համեմատ նվազել է տոկոսային 4 կետով, իսկ դժգոհության մակարդակն աճել է տոկոսային 5,3 կետով։ Մասնավորապես, 62,5%-ը դեմ է արտահայտվել տնտեսական փաթեթի շրջանակներում կառավարության առանցքային նախաձեռնություններից մեկին՝ մեկ անձի համար 40 հազար իենով (մոտ 268 դոլար) հարկերի միանվագ կրճատմանը: Տնտեսական միջոցառումները ներառում են նաև վճարումներ անապահով ընտանիքներին։
Ուսումնասիրությունն իրականացվել է նոյեմբերի 3-5-ը հեռախոսային հարցման միջոցով։ Հարցվածների թիվը չի նշվում։
Ֆումիո Կիսիդայի գլխավորած նախարարների կաբինետի վարկանիշի անկումը շարունակվում է մի քանի ամիս անընդմեջ։ Հասարակական կարծիքի հարցումների ամենավատ արդյունքները գրանցվել են միայն այս տարվա փետրվարին, երբ Կիսիդայի կառավարության աջակցության մակարդակը, ըստ տարբեր տվյալների, իջել է մինչև 26%, և 2022 թվականի դեկտեմբերին, երբ աջակցության մակարդակը հասել է նվազագույն 25%-ի: