Մոսկվայում կայանալիք Our Generation՝ եվրատեսիլյան ֆորմատով մրցույթին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Սաթթին
Նոյեմբերի 18-ին Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի Our Generation երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի 14-ամյա Սաթի Սարգսյանը (Սաթթի): Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնեց պրոդյուսեր Դավիթ Բադալյանը (tokionine):
Դավիթը մասնակցության առաջարկը ստացել է մրցույթի կազմակերպիչներից, եւ պրոդյուսերի խոսքով՝ քանի որ այս տարի Հայաստանն առաջին անգամ է մասնակցում մրցույթին, մեր ներկայացուցիչն ընտրվել է ներքին կարգով:
«Մրցույթը մանկական է, մասնակցում են 9-15 տարեկան կատարողները, ընդհանուր առմամբ՝ 16 մասնակից: Ինչ վերաբերում է Սաթթիին՝ նրան տեսել էի «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլի ժամանակ, եւ երբ եղավ մասնակցելու առաջարկը, որոշեցի նրան դիմել»,-պատմեց պրոդյուսերը՝ հավելելով, որ հաջորդ տարիներին, գուցե, հատուկ նախընտրական փուլ կազմակերպեն Հայաստանի ներկայացուցչին ընտրելու համար:
Սաթթին երգով զբաղվում է 2 տարի: Նա Հայաստանը կներկայացնի «Սեր Հայաստանին» երգով, որի տեսահոլովակը կթողարկվի առաջիկայում:
«Ըստ մրցույթի կանոնների՝ երգի մի մասը պետք է լիներ հայերեն, բայց մենք որոշեցինք, որ ամբողջ երգը պետք է հայերեն լինի: Այն նվիրված է Հայաստանին, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտության եւ գործիքավորման պրոդյուսերը՝ ես»:
Դավիթը նշեց, որ մրցույթը հեռարձակվելու է «НТВ»-ի ուղիղ եթերում եւ անցնելու է «Եվրատեսիլ»-ի ձեւաչափով:
«16 երկրների ազգային ժյուրիները գնահատելու են մասնակիցներին, լինելու է նաեւ օնլայն քվեարկություն, եւ հաղթողը որոշվելու է այդ քվեարկությունների արդյունքում: Հրավիրված են լինելու մի շարք աստղեր, այդ թվում՝ Դիմա Բիլանն ու Զիվերթը, գուցե, լինեն նաեւ միջազգային կատարողներ»,-հավելեց նա: