Արաբ նախարարները Բլինքենի հետ հանդիպմանը կոչ են արել Գազայում դադարեցնել կրակը
Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի արտգործնախարարները և Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարն Ամմանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը կոչ են արել դադարեցնել կրակը Գազայի հատվածում, տեղեկացնում է ABC News-ը։
Ինչպես նշում է ՌԲԿ-ն, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին հայտարարել է, որ արաբական երկրները չեն կարող «ընդունել որպես ինքնապաշտպանության իրավունք համարվող արդարացումները», ինչպես նաև Գազայի հատվածում պաղեստինցիների «կոլեկտիվ պատիժը»։ «Դա, ընդհանրապես, չի կարող օրինական ինքնապաշտպանություն լինել»,- ընդգծել է նա։
Ի պատասխան Բլինքենն ասել է, որ հրադադարը ՀԱՄԱՍ-ին թույլ կտա «վերախմբավորվել և կրկնել այն, ինչ արել է»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի գործողություններում «մարդասիրական դադարներին», որպեսզի բարելավվի Գազայի հատված օգնության հոսքը և մեծացվի անկլավից Եգիպտոս օտարերկրյա քաղաքացիների տարանցումը:
Արաբ նախարարները նաև նշել են, որ չափազանց վաղ է քննարկել Բլինքենի օրակարգի գլխավոր կետերից մեկը՝ Գազայի հետպատերազմյան ապագան: Սպանությունները դադարեցնելը և կայուն մարդասիրական օգնության վերականգնումը հրատապ են և պետք է լուծվեն առաջին հերթին, ասել են նրանք: