Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն ուղղակի ամոթալի, էժան արարք է․ Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ ֆեյսբուքում գրառում անելու փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելն ուղղակի ամոթալի, էժան արարք է: Դա ի՞նչ քրեական վարույթի կամ հետապնդման ենթակա արարք է, կամ այդ միայն Ավետի՞քն էր նման արտահայտություն արել:
Նախ՝ այն, որ Ավետիք Իշխանյանի նկատմամբ, ըստ պաշտոնական պարզաբանման, քրեական հետապնդում հարուցված չէ, ոչինչ չի փոխում: Նախաձեռնված քրեական վարույթն անխզելիորեն կապված է պարոն Իշխանյանի հետ. նրա` դեռևս սեպտեմբերի 19-ին արված գրառումն է դարձել քրեական ընթացակարգ սկսելու հիմք:
Այս վիճակն առավել խնդրահարույց է: Ստացվում է` գործ ունենք փաստացի քրեական հետապնդման հետ, երբ իրավապահ մարմնին հայտնի է անձը, ում նկատմամբ ցանկանում է իրականացնել հետապնդում, բայց նրան իրավական կարգավիճակ և իրավունքներից լիարժեք ծավալով օգտվելու հնարավորություն չտալու համար նախաձեռնվում է «անմեղ» քրեական վարույթ, իսկ իրականում տարվում է փաստացի հետապնդում` առանց իրավունքների:
Մյուսը` մի հատ հաշվեք տեսնեմ օրական քանի հոգի է նմանատիպ կամ նույն արտահայտությունն անում սոցիալական ցանցերում, առավել ևս այլ միջավայրերում: Հարուցվե՞լ են քրեական հետապնդնդումներ կամ նախաձեռնվե՞լ են քրեական վարույթներ, թե՞ էլի խտրական է լինելու ու Քրեական օրենսգրքի այս հոդվածը գործելու է միայն իշխանությանը քննադատողների նկատմամբ:
Քրեական օրենսգրքի այս հոդվածը Հայաստանում կիրառություն ստացող արատավոր պրակտիկայի հետ միասին բացահայտ հակասահմանադրական է և էլի դառնում է պաշտոնյաների պահապան հոդված:
Ավետիք Իշխանյանն իր ողջ կյանքը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը:
Մեղադրյալի կարգավիճակը և պարոն Իշխանյանը նույնքան անհամատեղելի են, որքան իրավունքի գերակայությունն ու հանուն պաշտոնի գոյատևող մարդը»: