Արթուր Վանեցյանի եղբորը կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
Արթուր Վանեցյանի եղբորը՝ Կարեն Վանեցյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է։
Այս մասին տեղեկությունը Iravaban.net–ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):
Քրեական վարույթով պարզվել է, որ Կարեն Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը:
Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ:
Կարեն Վանեցյանի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը:
Մասնավորապես՝ նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության համար ակնհայտ անշահավետ պայմանագիր է կնքվել Միքայել Մինասյանին փաստացի պատկանող ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջև: Արդյունքում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն առանձնապես խոշոր չափով տոկոսագումարներ է վճարել Միքայել Մինասյանին փաստացի պատկանող ընկերությանը:
Նախաքննության ընթացքում Կարեն Վանեցյանի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել:
Միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Կարեն Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: