Երևանի կենտրոնում պարեկները հետապնդել ու բռնել են հոսթելից տարբեր իրեր, այդ թվում՝ գումար գողացողներին
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 28-ամյա օտարեկրացի մի քաղաքացուց, ով հայտնել է, որ ժամը 03:50-ի սահմաններում 2 հոգի հոսթելից գողություններ են կատարել, ապա դիմել փախուստի: Ինքը հետապնդել է նրանց, սակայն, քանի որ տեղանքին այնքան էլ ծանոթ չէ, չի հաջողվել նրանց բռնել:
Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Տաթևիկ Պարոնյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր հետախուզական և ստուգողական աշխատանքներ են կատարել Սարյան փողոցի ամբողջ հատվածում, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հերթապահ խումբն էլ ավագ օպերլիազոր Հայրապետյանի գլխավորությամբ նշված հասցե է ժամանում Լեոի փողոցից, քանի որ ահազանգողը չէր կարողացել հստակ հայտնել, թե որ ուղղությամբ են կողոպտիչները դիմել փախուստի:
Կարճ ժամանակում պարեկներ Տ. Պարոնյանն ու Հ. Հովհաննիսյանը 2 կասկածելի քաղաքացու են նկատում, ովքեր տեսնելով պարեկներին՝ դիմում են փախուստի, սակայն պարեկներին հաջողվում է հետապնդել նրանց և բռնել, ապա լրացուցիչ ժամանած ուժերը այդ 2 անձին տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչ 18-ամյա Ժորա Հ.-ն և Կոտայքի մարզում հաշվառված 22-ամյա Սարգիս Ս.-ն: Պարեկներն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերում են նաև հոսթելից գողացված որոշ իրեր, այդ թվում՝ գումար՝ եվրոյի տեսքով:
Նշված անձինք ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Ոստիկաններն ունեն կասկածներ, որ նշված անձինք ևս նմանատիպ մի քանի կողոպուտի հեղինակ են, որոնք նրանց կողմից հիմնականում կատարվել են մայրաքաղաքում: