«Դուք սեր եք». արցախցի Էլինան սեղան էր գցել ու հյուր կանչել՝ շնորհակալություն հայտնելու (տեսանյութ)
Aysor.am-ը գրում է․
«Պարավըք եկալ»... արցախցի Էլինան այսպես է դիմավորում իր հյուրերին՝ ժենգյալով հաց հյուրասիրելու համար։
Արցախից բռնի տեղահանված էլինան հայաստանցիներին շնորհակալություն հայտնելու համար հյուրասիրություն էր կազմակերպել։
Էջմիածնի վարձով տան բակում համապատասխան հարմարություններ էին տեղադրել՝ ժենգյալով հաց ու թերթերուկ պատրաստելու համար։
Հյուրերը հնարավորություն ունեին իրենց ձեռքով պատրաստելու, ապա համտեսելու ժենգյալով հացն ու թերթերուկը։
Էլինայի տատիկն ասում է, որ վերջին պատերազմի ընթացքում հարազատներ է կորցրել, «սիրտ ու հավես չունի», բայց էլինայի խնդրանքը չի կարողացել անտեսել ու իր ձեռքն է վերցրել թխելու գործը։
Էլինան նոր գաղափար ունի, ցանկանում է փոքրիկ բիզնես սկսել. մտադիր է մեղուներ ու հավեր պահել։ Խոստանում է՝ արտադրանքն առանց հավելումների, հակաբիոտիկների, առողջ, օգտակար ու թարմ կլինի։
Արցախում են մնացել իր մեղվափեթակները։
Էլինայի ընտանիքն Արցախից տեղափոխվել է 9 հոգով։ Դեռևս ամբողջովին չեն ինտեգրվել, կրթությունը շարունակելու խնդիր կա։
Պատմում է, որ փոքր եղբայրը՝ 11 տարեկան Տիգրանը, պարենային որոշ ապրանքներ է վերցրել, թաքցրել.
«Ամեն ինչից 1 տուփ թաքցրել ա, բրինձ, ոսպ… Ասում է՝ Ալիևին ի՞նչ կա, կարող ա քնի, վեր կենա՝ բլոկադա ստեղծի, կարող ա բենզին էլ երոնինք մին 20 լիտր», - պատմում է Էլինան։
Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալու խոսակցություններին՝ արձագանքում է.
«Ինչքան էլ որ իմ հայրենիքը շատ եմ սիրում, զոհված տղաներին շատ հարգում եմ, խոնարհվում եմ բոլորի առաջ, բայց ես էնտեղ հասկանում էի, որ մենք պետք չենք աշխարհին, ամեն մեկն իր համար է ապրում։ Ես ինչքան կարողացել, պայքարել եմ, հերթ եմ կանգնել՝ փոքր երեխան գրկիս, միտինգներին եմ մասնակցել և, կարող եմ ասել, որ բոլորը չեն, որ այդ բլոկադան տեսել են։ Պետական կառույցներում աշխատողներ ունեին մարդիկ, ինչ-որ ձևով իրենց սննդի հարցը լուծում էին։ Եվ հիմա մեծ-մեծ խոսում են, թե լավ է՝ այնտեղ մնայինք։
Վերջում Էլինան հավելում է, թե վախենում է և ցանկանում, որ Հայաստանում էլ հանկարծ որևէ բան չսկսվի.
«Խաղաղ բնակչությունը մեղկ է, քաղաքական կեղտոտ խաղերի պատճառով տուժում է անմեղ ժողովուրդը»։