Արցախից բռնի տեղահանվածների աջակցության աշխատանքներին մասնակցած սոցաշխատողները շնորհակալագրեր են ստացել
Սոցիալական աշխատողի օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կայացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության գործընթացներում իրենց մասնակցությունն ունեցած սոցիալական աշխատողների գնահատանքի արարողություն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ։
Ներկաներին ողջունել և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Տաթևիկ Ստեփանյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Վորլդ Վիժն Հայաստանի Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը։
Երեկոյի շրջանակում տեղի է ունեցել նաև Միասնական սոցիալական ծառայության, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների սոցիալական աշխատողների շրջանում պարգևատրման արարողություն։
Վերջիններս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի անունից պարգևատրվել են շնորհակալագրերով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության աշխատանքներում ներդրած ջանքերի և նվիրումի համար։