Արցախի ԱԺ խմբակցությունները նիստ հրավիրելու վերաբերյալ հարց չեն քննարկել
Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ հարց մենք չենք քննարկել։ Այս մասին Tert.am-ին հետ զրույցում ասաց ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։
Նա միայն հստակեցրեց, որ կուսակցության պատգամավորներով են աշխատանքային քննարկումներ ունեցել, իսկ հարցերի շրջանակներն էլ ամենատարբեր հարցեր են եղել։
«Դեռևս աշխատանքային քննարկումներ ենք անցկացնում, ԱԺ լիագումար նիստ, կամ այլ նիստ անցկացնելու հարց չենք քննարկել, լինելու դեպքում կարծում եմ՝ լրատվամիջոցներին կտեղեկացնենք»,- հայտնեց նա։
Ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով էլ «Արդարություն» խմբակցության պատգամավորներին դեռ չի հաջողվել հավաքվել և միասին այս հարցով որոշում կայացնել։
Այդուհանդերձ, նա շեշտեց, որ Արցախի ԱԺ նիստ հրավիրելու հարցն օրակարգում է, բայց չնշեց, թե ինչ օրակարգով։
«Մեր խմբակցության պատգամավորները բավականին ակտիվ գործունեություն են ծավալում և դիտարկում ենք տարբերակ, որ Արցախի ԱԺ-ն պետք է վերակենդանանա՝ օգտագործելով եղած ռեսուրսները»,- ընդգծեց պատգամավորը։
Դիտարկմանը, թե Արցախի պետական ինստիտուտների Հայաստանում հնարավոր գործունեությունը դիտվում է որպես ազգային անվտանգության խնդիր, Հակոբյանն արձագանքեց, որ իրենք մտածված քայլեր են անում՝ չվնասելու սկզբունքով։
«Իրենց օրակարգը նման վախերով են թելադրում։ Իսկ, թե ինչ վտանգներ կան դրանց մասին պետք է ավելի բաց խոսեն։ Ինչ քայլ անում ենք, բոլոր ռիսկերը հաշվի ենք առնում, որովհետև մեր գերխնդիրն է չվնասենք, որևէ անվտանգային բաղադրիչ ՀՀ-ում չխախտենք, դա միանշանակ է և քննարկման հարց էլ չէ, ինչպես նաև չվնասենք Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներին»,- ասաց մեր զրուցակիցը։
Նկատենք, որ ըստ մամուլի, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախցի պատգամավորները Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել: