Արծվիկ Մինասյանը հավանականությունը մեծ է համարում, որ Լևոն Քոչարյանը կվերցնի պատգամավորական մանդատը
Արծվիկ Մինասյանը հավանականությունը մեծ է համարում, որ Լևոն Քոչարյանը կվերցնի պատգամավորական մանդատը։
Եթե Լևոն Քոչարյանը ցանկություն հայտնի վերցնել մանդատը, ապա ՀՀ սահմանադրական դատարանի` 2021 թ. որոշման համաձայն նոյեմբերի 6–ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մանդատ շնորհի նրան, որից հետո նա պետք է անհապաղ ազատ արձակվի կալանավայրից, ներկայանա ԱԺ հաջորդ նիստին ու տա պատգամավորական երդում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
«Այս պահի դրությամբ մանդատի հերթը Լևոն Քոչարյանինն է, որը ապօրինի կալանքի տակ է գտնվում Նուբարաշեն ՔԿՀ–ում և դատական վերջին ապօրինությունն այն էր, որ ևս երկու ամսով երկարացվեց նրա կալանքը։ Այս որոշումն այնքան ապօրինի է, որ հետագայում գրվելու է իրավունքի պատմության գրքերում, թե ինչպես իրավական «բեսպրեդելությունը» կարող է արտահայտվել»,– նշեց Մինասյանը։
Արծվիկ Մինասյանը նաև ներկայացրեց այն ընթացակարգը, թե ինչպես պետք է Լևոն Քոչարյանը ստանա պատգամավորական մանդատը։ Նա տեղեկացրեց, որ համապատասխան որոշում ընդունելուց հետո ԿԸՀ–ն պարտավոր է տրամադրել արձանագրություն, որի հիման վրա իրավասու մարմինը` ՔԿՀ–ն պարտավոր է միանգամից ազատ արձակել Քոչարյանին։
Միասյանը միայն մի մտավախություն ունի, որ դատելով ՀՀ իրավական համակարգի վատթար վիճակից` շատ հնարավոր է, որ ՔԿՀ–ից ասեն, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականն է պետք, որպեսզի կարողանան դա անել։ Այդ պատճառով էլ նախատեսվում է, որ ԿԸՀ արձանագրությունը ստանալուց հետո Քոչարյանի` իրավասու փաստաբանական թիմը կդիմի նաև դատախազությանը։
«Սա ես ասում եմ` ելնելով նաև նախկին փորձից` Արմեն Չարչյանի, Արթուր Սարգսյանի դեպքերում, երբ ՍԴ որոշման հիմքով նրանք կալանավայրից ազատ արձակվեցին»,– նշեց Մինասյանը։
Ելնելով այս գործի կարևորությունից` Արծվիկ Մինասյանը վստահ է, որ թե ինքը, թե փաստաբանական թիմը կայցելեն կալանավայր` ներկայացնելու այդ պահանջները։
Նա նաև հավանականությունը մեծ է համարում, որ Լևոն Քոչարյանը կվերցնի պատգամավորական մանդատն ու կանցնի պատգամավորի իր պարտականությունների կատարմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվել են «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արմեն Չարչյանը, ինչպես նաև` իրենց պատգամավորական մանդատները չեն վերցրել խմբակցության ցուցակով հաջորդ 3 թեկնածուները։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա