Պուտինի մամուլի քարտուղարը մեկնաբանել է «Հեզբոլլահին» ռուսական զենք փոխանցելու մասին հաղորդումը
«Վագներ» ՄՌԿ-ի կողմից Սիրիայում «Հեզբոլլահ» շարժմանը ռուսական զենքի ենթադրյալ փոխանցման մասին ԶԼՄ-ների հաղորդումներն անհիմն են, «Վագներն» ինքը դե ֆակտո գոյություն չունի, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք արդեն ասել ենք, որ դե ֆակտո նման խումբ գոյություն չունի, ուստի այս բոլոր դատողությունները, որպես կանոն, ոչ մի բանի վրա հիմնված չեն, ոչ մի հիմք չունեն։ Զինվորականներն արտակարգ կապի ուղիներ ունեն, եթե իսկապես ինչ-որ բանի վրա հիմնված մտահոգություններ կան, դրանք միշտ կարելի է հասցնել մեր զինվորականներին»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին «Վագներ» խմբավորման ներկայացուցիչների կողմից «Հեզբոլլահին», իբր, «Պանցիր» համալիրների հնարավոր փոխանցման առիթով ԱՄՆ անհանգստության մասին։