Ուկրաինայում հայտարարել են՝ իրենց ապագան կախված է ԱՄՆ որոշումներից
Ուկրաինայի ապագան կախված է Միացյալ Նահանգների որոշումներից, աշխարհում ուշադրությունն ու հետաքրքրությունն ուկրաինական հակամարտության նկատմամբ նվազել է՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով, իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։
«Մեր ապագան կախված է Միացյալ Նահանգների որոշումներից։ Մենք հավատում ենք, որ ԱՄՆ վարչակազմը կկարողանա լուծումներ գտնել։ Մենք վճռորոշ փուլում ենք գտնվում, որովհետև աշխարհում ուշադրությունն ու հետաքրքրությունն ուկրաինական հակամարտության նկատմամբ նվազել է, իսկ մենք ցանկանում ենք մնալ միջազգային օրակարգում։ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը շարունակվում է, և մեզ օգնություն է պետք։ Եթե մենք կորցնենք ԱՄՆ աջակցությունը, սցենարն արմատապես կփոխվի։ Մենք ցանկանում ենք խուսափել դրանից»,- ասել է Մարչենկոն։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իսրայելին մոտավորապես 14,3 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու առանձին օրինագծին, փաստաթղթում Ուկրաինան չի հիշատակվում։ Օրինագծին դեմ են հանդես եկել դեմոկրատները։