Վարչական շրջանի ղեկավարն իմ ընկերն է ու որպես խորհրդական՝ տարբեր հարցերով օգնել եմ. Կատվալյանը՝ Արման Բարխուդարյանի մասին
Երեկ հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին:
ArmLur.am-ը գրել էր, որ համայնքապետարանը գնումների գործընթացը լիակատար չի կատարել, չարաշահումներ են հայտնաբերվել, այսինքն հայտարարվել է մրցույթ, որից հետո նախատեսված գումարն իր նպատակին չի ծառայել, այդ գումարի մի մասը այսպես ասած «մեջ-մեջ է արվել»:
Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաև Մալաթիա-Սեբասիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, ով այժմ զբաղեցնում է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:
ArmLur.am-ը Սաշա Կատվալյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք ինքը չի հանդիսանում այս «կծիկի» մաս:
-Պարոն Կատվալյան, Ձեզ իրավապահ մարմինները հրավիրե՞լ են հարցաքննության կամ արդյո՞ք արդեն հարցաքննվե՞լ եք:
-Ես որևէ առնչություն չունեմ հարուցված գործի հետ, և իրավապահ մարմիններն ինձ չեն կանչել հարցաքննության: Հարուցված գործը, իմ տեղեկություններով, առնչվում է այս տարվան ու բացարձակ կապ չի կարող ունենալ իմ հետ, քանի որ ես նախորդ տարվանից դուրս եմ եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից:
-Պարոն Կատվալյան, չնայած նրան, որ Դուք 1 տարի առաջ դադարեցրել եք Ձեր գործունեությունը որպես վարչական շրջանի ղեկավար, սակայն ըստ թաղապետարանում տարածված խոսակցությունների՝ Դուք եք ներքին կարգով ուղղորդել, թե Բարխուդարյանը ինչպես ղեկավարի և ինչ գործընթացներ կազմակերպի։ Այսինքն, փաստացի, Դուք եք ղեկավարել, ըստ այդ խոսակցությունների։ Ուստի դա էլ հիմք կարող է հանդիսանալ, որ Ձեզ հրավիրեն հարգաքննության։ Այս մասին ի՞նչ կասեք:
-Եթե վարչական շրջանի ղեկավարն իմ ընկերն է ու ես՝ որպես խորհրդական, տարբեր հարցերով օգնել եմ՝ դա չի նշանակում, որ ես ուղղորդել եմ։ Ես տարբեր վարչական շրջանների հարցերով էլ զբաղվել եմ ու դա ուղղորդում չի, դա աշխատանքային ու գործընկերային աջակցություն է։