Հիշել է Փաշինյանին և պարծեցել, որ Արցախի հայաթափումը տևել է 23 ժամ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Աստանայում «Թուրքական դար» կարգախոսով անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովում, խոսել է այս տարվա սեպտեմբերին ադրբեջանական բանակի կողմից Արցախում իրականացված այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունների մասին։ Այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Չնայած Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարություններին, նրա իրական գործողությունները բացարձակապես անտրամաբանական էին և հակասական։ Հայկական բանակի մնացորդները շարունակել են գտնվել Ադրբեջանի ինքնիշխան տարածքում։ Այն փաստը, որ այս տարվա սեպտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետը շնորհավորել է մի մտացածին սուբյեկտի, այսպես կոչված, «անկախության», իսկ սեպտեմբերի 9-ին՝ Ղարաբաղում տեղի ունեցած այսպես կոչված «նախագահական ընտրությունների» առթիվ, անհարգալից վերաբերմունք էր և ուղիղ սպառնալիք մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-հին ձայնապնակը վերագործարկելով նշել է Բաքվի բռնապետը։
Նա նշել է, որ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից Ադրբեջանի ազատագրված տարածքներում տեղադրված ականի պայթյունները խլել են 6 մարդու կյանք»։
«Դրանից հետո Ադրբեջանն իր սահմանադրական կարգը վերականգնելու և ապօրինի զինված խմբավորումներին չեզոքացնելու նպատակով տեղական հակաահաբեկչական միջոցառումներ է իրականացրել։ 23 ժամվա ընթացքում ավարտված գործողության արդյունքում Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնեց իր ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը։ Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում խաղաղ բնակչությանը կամ քաղաքացիական ենթակառուցվածքին վնաս չի պատճառվել։ Ադրբեջանը գործել է միջազգային մարդասիրական իրավունքին լիովին համապատասխան։ Այս փաստերը հաստատել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ովքեր երկու անգամ այցելել են տարածաշրջան»,- հայտարարել է է Ալիևը։
Նա վստահեցրել է, որ «Ադրբեջանը այս տարիների ընթացքում ձգտել է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Հայաստանի նպատակը օկուպացիայի վրա հիմնված ստատուս քվոյի ամրապնդումն էր»։
«Հենց Ադրբեջանն է հայտարարել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին և ներկայացրել հինգ հիմնարար սկզբունքները»,-եզրափակել է Ադրբեջանի նախագահը։