Հայաստանը 2024 թվականին Եվրամիությունից ակնկալում է ստանալ 17,9 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային միջոցներ
Հայաստանը 2024 թվականին Եվրամիությունից ակնկալում է ստանալ 17,9 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային միջոցներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետբյուջեի նախնական քննարկմանը ասել է ՀՀ ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում են երեք հիմնական ուղղություններ։
«Առաջինը՝ Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացումն է, որը բյուջետային աջակցության դրամաշնորհ է։ Այս ծրագիրը կար նաև 2023 թվականին 2,7 մլն եվրոյի չափով, իսկ 2024 թվականին նախատեսվում է 5,4 մլն եվրոյի չափով, հաջորդը՝ «Աջակցություն Հայաստանի դատական ոլորտի բարեփոխումներին․փուլ- 2», որը հավելյալ 2,5 մլն եվրո է»,-մանրամասնել է Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ 2024 թվականի համար նախատեսվում է նաև Հայաստանում ԵՄ աջակցության նախագիծ կրթության ոլորտին՝ 10 մլն եվրոյի չափով։ Ըստ նախարարի՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն եվրո, որից 29,3 մլն եվրոն ուղղակի բյուջետային աջակցություն է, իսկ մնացածը՝ տեխնիկական։
Անդրադառնալով վարկային միջոցներին՝ ֆինանսական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ 2024 թվականի վարկերը կազմում են 21 մլրդ դրամ, որից 153 մլն-ը ընթացիկ ծախսերով և 21 մլրդ 62 մլն-ը՝ կապիտալ։
«Հիմնական մասը, որը կազմում է 18,8 մլրդ դրամ, իրականացվում է ՏԿԵ նախարարության միջոցով՝ ուղղված ոռոգման համակարգի թարմացմանը, կոշտ թափոնների կառավարմանը ճանապարհային ցանցի բարելավմանը, ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանը, քաղաքային զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև կա ՊԵԿ-ի կողմից իրականացվող ծրագիր, որը վերաբերում է վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային ծրագրին, որի վարկային միջոցներն ընդհանուր առմամբ կազմում են 2 մլրդ 290 մլն դրամ»,-ներկայացրել է նախարարը՝ հավելելով, որ նախատեսված են նաև այլ դրամաշնորհային միջոցներ տարբեր ուղղություններով՝ ոռոգման համակարգ, կոշտ թափոնների կառավարում, գյուղատնտեսական ծրագրերի խթանման, գյուղական ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրեր։ Ընդհանուր դրամաշնորհային գումարը կազմում է 9 մլրդ 760 մլն դրամ։