Հայաստանը պետք է ոչ մեկի հետ չշփվի, ոչ մի հարթակի չմասնակցի, ոչ մեկին բարև անգամ չտա. Սիմոնյանը՝ ՌԴ-ի արձագանքի մասին
«Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը ՌԴ-ն համարում է ցուցադրական հակառուսական ժեստ: Հայաստանը պետք է ոչ մեկի հետ չշփվի, ոչ մի այլ հարթակի չմասնակցի, ոչ մեկին բարև անգամ չտա»:
Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով.
«Սա են, թերևս, «դաշնակցային ճիշտ» պատկերացումները:
Հայաստանը պետք է մշտապես գոյաբանական կախվածություն ունենա «դաշնակցից», Հայաստանը պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե «դաշնակիցը» չլինի՝ իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինին հայի գլխին, որ լինի «դաշնակիցը»:
Հ.Գ. Իսկ հետաքրքիր է, օրինակ՝ Հայաստանի հետ ակտիվ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը և ՀՀ-ի հետ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ակնհայտ չկատարելը նույն տրամաբանությամբ ի՞նչ է»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա եպազրույցում հայտարարել էր, թե «Մոսկվան դիտարկում է Երևանի մասնակցությունը Մալթայում Ուկրաինայի հարցով կոնֆերանսին, այսպես կոչված, Կոպենհագենյան ձևաչափով, որպես Հայաստանի ցուցադրական հակառուսական ժեստ»։
Ինչպես նշել էր Զախարովան, Երևանում «պետք է տեղյակ լինեն, որ մենք խոսում ենք ցուցադրական սիրախաղի մասին նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն ընդդիմանում են Ռուսաստանին»։
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին: