Մոտ ապագայում գուցե լավ նորություն լինի․ Միրզոյանը՝ Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնում, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի։
Այս մասին վերջինս հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում։
Ըստ նրա՝ ՀՀ–ի համար շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Վերջերս Թեհրանում նա հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին, նախկինում հանդիպել է նաև նախկին նախարարին: Կան նաև երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչներ․ «Եվ կա խոսակցություն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին»։
Անդրադառնալով պայմանավորվածությանը՝ դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը բացելուն՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում այստեղ գուցե լավ նորություններ ունենանք»։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգիռ է իր 4 հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում: