Ավելի քան 165 հազար աֆղանստանցի փախել է Պակիստանից՝ կառավարության վերջնաժամկետի պատճառով
Վերջին մեկ ամսվա ընթացքում Պակիստանից ավելի քան 165 000 աֆղանստանցի է փախել, քանի որ Իսլամաբադը վերջնագիր է տվել երկրում գտնվող 1,7 միլիոն փախստականներին՝ կա՛մ հեռանալ, կա՛մ ձերբակալվել և արտաքսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Աֆղանստանցիների մեծ մասը սահման է շտապել վերջին օրերին՝ նոյեմբերի 1-ին նշանակված վերջնաժամկետից առաջ, իսկ Պակիստանի ոստիկանությունը տասնյակ վայրեր է բացել ձերբակալված աֆղանստանցիներին պահելու համար։ Պակիստանի Խայբեր Պախտունխվա նահանգի «Տորխամ» անցակետը աշխատել է ամբողջ գիշեր, որպեսզի հնարավոր լինի երկրից դուրս թողնել 7 կմ-անոց հերթում կանգնած 28 000 մարդկանց։
Պակիստանի իշխանությունները փաստաթուղթ չունեցող անօրինական ներգաղթյալ աֆղանստանցիներին կոչ են արել շարունակել կամովին հեռանալ երկրից։
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում միլիոնավոր աֆղանստանցիներ են փախել Պակիստան, նրանցից 600 000-ը՝ 2021 թ․ օգոստոսին Թալիբանի կողմից իշխանությունը գրավելուց հետո։
Պակիստանում Աֆղանստանի դեսպանատունը հայտարարել է, որ Իսլամաբադի այս որոշումը կարող է վնասել երկու երկրների հարաբերությունները։
Ըստ France 24-ի՝ նոյեմբերի 2-ին ոստիկանության գործողության արդյունքում Կարաչի նահանգում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, Կվետտայում՝ 425 մարդ։
Չնայած իրավապաշտպանները մեղադրում են Պակիստանի կառավարությանը ապաստան փնտրողներին սպառնալիքների և ձերբակալության միջոցով երկրից հեռանալ ստիպելու համար, սակայն պակիստանցիներն, ըստ վերլուծաբանների, մեծապես սատարում են այս որոշումը, քանի որ փախստականների ներկայությունը ծանր բեռ է երկրի համար։