Եվրագործընկերների մոտ Սաակաշվիլու մասով հարցեր չեն մնացել. խորհրդարանի խոսնակ
Վրաստանի եվրոպացի գործընկերները հարցեր չունեն՝ կապված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բանտարկության հետ՝ երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու որոշումն ընդունելուց առաջ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն ասել էր, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել դեպի ԵՄ ճանապարհին, սակայն Վարշավան որոշակի ակնկալիքներ ունի որոշ քաղաքական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Սաակաշվիլիի հետագա ճակատագիրը և նրա առողջական վիճակը։
«Միխեիլ Սաակաշվիլիի հարցը վաղուց լուծվել է, իսկ այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց, որ տեղում նրա բուժման անհնարինության մասին տեղեկատվությունը սուտ է՝ թերահավատների համար էլ ամեն ինչ պարզ դարձավ: Այս մասին պարզ դարձավ մայիս ամսից և նրանք, ովքեր հերքում են դա, հերքում են իրականությունը: Մենք հանդիպումներ ենք ունեցել, և անձամբ ես այցերի ժամանակ ճշտել եմ, որ ոչ ոք որևէ հարց չունի այս գործի հետ կապված»,- լրագրողներին ասել է Պապուաշվիլին՝ մեկնաբանելով Ռաուի հայտարարությունը:
«Ինչ վերաբերում է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ ստանալուն աջակցելուն, ես վստահ եմ, որ բոլոր այն երկրներն ու քաղաքական խմբերը, որոնք աջակցում են Վրաստանին, կաջակցեն մեզ թեկնածուի կարգավիճակ շնորհելուն: Նրանք, ովքեր դեմ են այդ կարգավիճակին, կարող են լինել միայն ոչ թե Վրաստանի բարեկամները, այլ՝ Միխեիլ Սաակաշվիլու»,-հավելել է նա։