Ադրբեջանական ագրեսիայից հետո Ջերմուկում զբոսաշրջության ոլորտը լուրջ տուժել է. Վայոց ձորի մարզպետ
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայից հետո Ջերմուկում զբոսաշրջության ոլորտը լուրջ տուժել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մեկտեղ շեշտելով, որ վերականգնման ուղղությամբ էական աշխատանք է կատարվել, որոշակի դրական տեղաշարժ նկատվում է:
«Ջերմուկում զբոսաշրջային ոլորտը լուրջ տուժել է: Մինչպատերազմական իրավիճակում մենք Ջերմուկում ընդհանրապես ազատ համարներ չունեինք, հիմա մի փոքր ուրիշ է Մեծածավալ ու շատ դժվար աշխատանք ենք իրականացնում, այն դրական արդյունքներ է տալիս: Ագրեսիայից հետո առկա իրավիճակի համեմատ այժմ շատ լուրջ դրական առաջընթաց կա, սակայն այն, ինչ ունեինք մինչև ագրեսիան և հիմա՝ անհամեմատելի է: Բնականաբար, զբոսաշրջության ոլորտը շատ լուրջ տուժել է»,-ասաց մարզպետը:
Արարատ Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ աշխատանքը տվել է արդյունք, շատ տնտեսավարողներ արդեն հնարավորություն ունեն իրենց ծախսերը փակել ու որոշակի եկամուտներ ստանալ, տնտեսվարողներից ոմանք դեռևս նման հաջողության չեն հասել:
Հիմա իրականացվում են ճոպանուղու վերականգնողական աշխատանքներ, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված ճոպանուղին այս պահին չի գործում, սակայն աշխատանքների ավարտից հետո կսկսի գործել:
Ադրբեջանական ԶՈՒ-ն 2022-ի սեպտեմբերին Ջերմուկում մխրճվել և զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքից 7600 հեկտար: