Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու մոտ կայանված «Մերսեդեսի» սրահից գողացել էին Ֆրանսիայի քաղաքացու դրամապանակն ու անձնագիրը
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվել էր ահազանգ, որ Ամենափրկիչ եկեղեցու մոտ կայանված «Մերսեդեսի» սրահից գողացել են Ֆրանսիայի մի քաղաքացու դրամապանակն ու անձնագիրը:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին վարորդը հայտնել էր, որ մեքենայի դուռ ու պատուհանը փակ էին, ու գողությունից հետո էլ մնացել են անվնաս:
Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվեցին օրեր անց: Ի վերջո, բաժնի քրեական հետախույզները ստացան տեղեկություն, որ հիշյալ գողությունը կատարել են գյումրեցի երկու տղամարդիկ` 35 և 31 տարեկան: Մինչ իրավապահները փորձում էին նրանց գտնել, ստացվեց նոր տեղեկություն. նրանց գործողություններից տուժածներ էլի կային:
Հոկտեմբերի 23-ին, գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալվեցին, տեղափոխվեցին բաժին և խոստովանեցին, որ հոկտեմբերի 15-ին Գյումրիի Կենտրոնական զբոսայգու մոտ կայանված տուրիստական միկրոավտոբուսի սրահից գողացել են բջջային հեռախոս, ևս մի հեռախոս էլ գողացել են Վարպետաց փողոցի մի տան պատուհանից մուտք գործելու միջոցով:
Երկուսն էլ ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են: