Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի տարածքին
Իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Լիբանանի տարածքի այն շրջանին, որտեղից հրթիռ է արձակվել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) անօդաչու թռչող սարքի ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։
«Այս գիշեր ավելի վաղ Լիբանանից «երկիր-օդ» տեսակի հրթիռ է արձակվել ԻՊԲ-ի ԱԹՍ-ի ուղղությամբ: Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հարված է հասցրել հրթիռն արձակած ահաբեկչական բջջին, ինչպես նաև հրթիռի արձակման վայրին: ԱԹՍ-ն չի վնասվել», - ասված է հայտարարության մեջ։
Բանակի մամուլի ծառայությունում հայտնել են, որ Լիբանանից մի քանի արձակումներ են գրանցվել նաև Հար Դովի շրջանի և Իսրայելի հյուսիսում գտնվող Հերմոն լեռան ուղղությամբ, արձակված արկերն ընկել են բաց տեղանքում։
«Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին պատասխան հարված է հասցրել այն վայրին, որտեղից իրականացվել են արձակումները», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո Իսրայելը բազմիցս հարվածել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին, որտեղից հարվածներ են հասցվում Իսրայելի տարածքին։