Վրաստանում պարզեցվել է քաղաքացիություն ստանալու կարգը
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը բարելավելու և պարզեցնելու վերաբերյալ ուղղումները։
Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիա-ն, «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, այն է՝ միաձայն, մինչդեռ պահանջվում էր նվազագույնը 76 ձայն։
Փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում կարգավիճակ ունեցող, բայց քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր երկրում ապրել են հինգ և ավելի տարի, այլ կանոնների պահպանման դեպքում հնարավորություն կունենան ստանալ վրացական անձնագիր։
Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմորդներից կպահանջվի քննություններ հանձնել վրացերեն լեզվից, Վրաստանի պատմությունից և իրավունքի հիմունքներից:
Փոփոխություններն ընդունվել են՝ հաշվի առնելով վրացական սփյուռքի խնդրանքը։ Երբ հայտարարվեց քաղաքացիության տրամադրման ընթացակարգը պարզեցնելու՝ իշխանությունների նախաձեռնության մասին, Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն մատնանշեց 2017 թվականի Վրաստանի Սահմանադրության համապատասխան դրույթը, ըստ որի՝ պետությունը պարտավոր է արտերկրում ապրող հայրենակիցների համար հոգ տանել հայրենիքի հետ սերտ կապերի պահպանման և զարգացման մասին։