Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան:
Այդ մասին տեղեկությունը լրագրողներին հայտնել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
«Նախարարն ուրբաթ առավոտյան կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ Նա նախ կայցելի Երևան, որտեղ կհանդիպի հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ», - ասել է նա։ Բերբոկը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների տեղավորման կենտրոն։
Շաբաթ օրվա երկրորդ կեսին նա կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Գերմանիան Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման կողմնակից է: