«Նախ` ես տուն չեմ առել, Արսենյանները Մալիշկայի հետ ի՞նչ կապ ունեն, դատավճիռ ունե՞ք». Սասուն Խաչատրյան
Այսօր լրագրողները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ Մալիշկայի գործն ի՞նչ եղավ, դուք էլ տուն առաք: Նա արձագանքեց. «Իմ տուն առնելը Մալիշկայի դեպքի հետ ի՞նչ կապ ունի»:
Հիշեցնենք, որ «Մալիշկայի գործը» քննվում էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած ՀՔԾ-ի վարույթում, այն հարուցվել էր դեռ 2018-ի հուլիսին ու կապված էր «Բյուրեղի» կառուցապատող «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանի (լուսանկարում) հետ։
Այդ ժամանակ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 միլիոն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու եւ 1300 ձայն ապահովելու նպատակով։
Ոստիկանությունում հարուցված քրգործը փոխանցվել էր Հատուկ քննչական ծառայությանը։ Եվ ահա իմանում ենք, որ Սասուն Խաչատրյանը Արսենյանների «Բյուրեղ» թաղամասում բավականին էժան բնակարան է ձեռք բերել:
Սասուն Խաչատրյանն ասաց. «Նախ ես տուն չեմ առել: Արսենյաննները Մալիշկայի հետ ի՞նչ կապ ունեն, դատավճիռ ունե՞ք: Քրեական գործում նման տվյալ չի եղել, ես նման տվյալ չունեմ»: