2024-ին ՀՀ նախագահի աշխատակազմին ավելի շատ գումար կհատկացնեն
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության ռազմավարական գերակայություններից է սահմանված երկրի իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ հանրապետական ու համապետական գործունեություններում՝ լիազորությունների շրջանակում ակտիվ մասնակցություն ունենալը՝ հանդիսանալով նոր գաղափարների, լուծումների եւ ծրագրերի նախաձեռնող: Այս մասին նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը՝ «2024 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկման ժամանակ:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշել է, որ ինստիտուտի գործունեությունը միտված է հանրության կողմից ընկալվելու որպես ապաքաղաքական, կայուն, հեղինակավոր, պրոֆեսիոնալ, վստահելի, ինստիտուցիոնալ կառույց եւ ռազմավարական նախաձեռնությունների կարեւոր օղակ: Նա անդրադարձել է նաեւ թվային ցուցանիշներին:
«Նախագահի աշխատակազմի կանոնադրական լիազորությունների իրականացման համար երկու միջոցառումներով մեկ ծրագրով 2024 թվականի համար ներկայացվել է 1 մլրդ 771 մլն 633 հազար դրամի բյուջետային հայտ՝ 2023 թվականի՝ 1 մլրդ 686 մլն 361 հազար դրամի փոխարեն: Տարբերությունը 3 մլն 234 հազար դրամով քաղաքացիական ծառայողների աշխատանքային ստաժի հետ կապված աշխատավարձի բնականոն աճն է: Բյուջետային հայտի 82 մլն դրամը նախատեսված է աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների եւ հեռահաղորդակցության համակարգի ձեռքբերման համար»- ասել է Խաչատուր Պողոսյանը: Նա գնումների անհրաժեշտությունը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ հին համակարգը շահագործվում է ավելի քան 25 տարի, տեխնիկապես եւ բարոյապես մաշված վիճակում է, աշխատում է անընդհատ խափանումներով եւ վերանորոգման ծախսերը բացարձակ անարդյունավետ կլինեն:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտնել է, որ վերը նշված փոփոխությունների արդյունքում կբարձրանա նախագահի աշխատակազմի գործունեության, ինչպես նաեւ պետական մարմինների եւ քաղաքացիների ու լրատվամիջոցների հետ փոխգործակցության որակն ու արդյունավետությունը:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով 2024 թվականի աշխատակազմի համար նախատեսված բյուջեի շուրջ 95,16 տոկոսը նախատեսված է Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովումը միջոցառման համար, իսկ 4,84 տոկոսը՝ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառման համար: