Մոլդովացի ֆերմերները հանդիպում են պահանջել վարչապետի հետ
Մոլդովայի ֆերմերները պահանջում են հանդիպում վարչապետ Դորին Ռեչենի հետ մինչև շաբաթվա վերջ, կամ սպառնում են բողոքի զանգվածային ցույցեր անել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Ֆերմերների ազգային ֆեդերացիայի և «Ֆերմերների ուժ» ասոցիացիայի համատեղ հայտարարության մեջ։
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 21-ին Քիշնևում տեղի ունեցավ ֆերմերների հանրապետական համագումարը, որին մասնակցում էին ավելի քան 600 ֆերմերներ՝ քննարկելու բերքի ձախողման և իշխանությունների աջակցության բացակայության պատճառով վարկերի մարման հետ կապված կուտակված խնդիրները։ Ֆերմերների ազգային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վասիլի Միրզենկոն ասել է, որ ֆերմերները պնդում են գյուղատնտեսության ոլորտում արտակարգ դրություն մտցնել վարկերի մարման հետ կապված խնդիրների պատճառով։
Ֆերմերներն ընդգծում են, որ իրավասու մարմինները չեն էլ փորձում երկխոսություն վարել իրենց ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում իրավիճակը օրեցօր վատանում է։ Պարտատերերի ճնշումը ֆերմերների վրա զգալիորեն մեծանում է, ոմանցից նույնիսկ բռնագրավում են տեխնիկան և խլում հողերը։ «Երկրի ամենամեծ անդրազգային գյուղատնտեսական հոլդինգը ինտենսիվորեն գնում է գյուղմթերք արտադրողների պարտքերը։ Իշխանությունների համաձայնությամբ գյուղական բնակավայրերում փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ոչնչացման գործընթացը ընթանում է արագ տեմպերով, աճում է լարվածությունը գյուղացիների շրջանում իշխանության անգործության ֆոնին»,- նշված է հայտարարության մեջ։