Աննա Վարդապետյանի հրամանով դատախազի դասային աստիճան են իջեցրել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման հիման վրա՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը, նույնաբնույթ արարքների կատարման համար «խիստ նկատողություն» ստանալուց հետո, կրկին խախտել է դատախազի վարքագծի կանոններն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:
Մասնավորապես՝ դատախազը պարբերաբար՝ առանց հարգելի պատճառի, բացակայել է աշխատավայրից, դատական նիստերին ներկայացել է ոչ պատշաճ հագուստով:
Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:
Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ հաստատվել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:
Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի հոկտեմբերի 30-ի հրամանով՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ: