Մեկ զբոսաշրջիկը ՀՀ-ում ծախսում է 1200 դոլար, մեկ զբոսաշրջիկից ՀՀ բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ. Քերոբյան
2024 թվականին սկսում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր՝ TRIP (Turizm regional infrastructure project), որի շրջանակում նախատեսվում է 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիր: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարը հիշեցրեց, որ 2023 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան է եկել 1 միլիոն 850 հազար զբոսաշրջիկ:
«Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն, և նախնական տվյալներով՝ 1 զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է 1200 դոլար:
Էլի մեր տնտեսական վերլուծությունների կենտրոնի հաշվարկներով՝ 1 զբոսաշրջիկից ՀՀ բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ: Այսինքն՝ մենք խոսում ենք այն մասին, որ ներգնա զբոսաշրջությունից ՀՀ բյուջե մտնում է մոտ 100 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը:
Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ զբոսաշրջության ոլորտում Կառավարության ներդրումները վերջին 3 տարվա ընթացքում աճել են 6,5 անգամ՝ 2 միլիարդից մինչև 12 միլիարդ: