Շվարցենեգերը խոստովանել է, որ իր և Ստալոնեի միջև ծայրահեղության հասնող մրցակցություն է եղել
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Առնոլդ Շվարցենեգերը խոստովանել է, որ նախքան մարտաֆիլմերի մեկ այլ աստղի՝ Սիլվեստր Ստալոնեի հետ ընկերանալը, իրենց միջև ծայրահեղության հասնող մրցակցություն է եղել:
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետի խոսքով՝ ինքն ու Ստալոնեն ֆանտաստիկ ընկերներ դառնալուց առաջ «կինոմրցակիցներ» են եղել, գրում է CNN-ը:
«Մենք կինոյում մրցակիցներ էինք, բայց մրցակցությունը հասցրինք ծայրահեղության: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենար լավագույն մարմինը, պետք է սպանեինք ավելի շատ մարդկանց մեր ֆիլմերում, պետք է ունենայինք ամենամեծ զենքերը: Դա դուրս եկավ վերահսկողությունից, և մենք փորձեցինք գծերից գցել մեկս մյուսիս», - պատմել է «Տերմինատոր»-ի աստղը։
Դերասանների ընկերությունը սկսվել է այն բանից հետո, երբ Շվարցենեգերն ու Ստալոնեն ներդրում են կատարել Planet Hollywood-ում, և սկսել են միասին ճանփորդել աշխարհով մեկ՝ այն գովազդելու համար. արդյունքում նրաքն դարձել են «ֆանտաստիկ ընկերներ»:
Ե՛վ Ստալոնեն, և՛ Շվարցենեգերը փառքի են հասել Հոլիվուդում 1970-ականներին, երբ Շվարցենեգերը ասպարեզ է դուրս եկել 1970-ին «Հերկուլեսը Նյու Յորքում» ֆիլմով, իսկ Ստալոնեն նկարահանվել է 1976-ի օսկարակիր «Ռոքի» ֆիլմում: