ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում է 5.6 տոկոս տնտեսական աճ
ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կլինի 5.6 տոկոս, ԱԺ-ում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Մենք կարծում ենք, որ այս տարվա համար տնտեսական աճը կլինի 7 տոկոսի շրջանակներում: Նախորդ տարի 12.6 տոկոս տնտեսական աճ ունենալուց հետո, այս տարի կունենանք, մեր գնահատականով, 7.2 տոկոս: Կարծում ենք, որ մյուս տարի աճը որոշակիորեն պետք է նվազի՝ մոտենալով պոտենցիալ աճի մակարդակին: Մեր գնահատականներով, այնուամենայնիվ, աճը պոտենցիալից որոշակի բարձր կլինի, քանի որ բավականին մեծ ծախսեր են նախատեսված, բայց այս պահի դրությամբ մեր կանխատեսումներով աճը 2024-ի համար լինելու է 5.6 տոկոս», - նշեց նա:
ԿԲ նախագահի խոսքով՝ եթե կապիտալ ծախսերը մատնանշած ծավալով չարվեն, սակայն շարունակեն մեծացնել ընթացիկ ծախսերը, ապա դա բերելու է պահանջարկով պայմանավորված տնտեսական աճի, որը պոտենցիալից կտրվելու է:
«Իսկ պոտենցիալից կտրվելու դեպքում, բնականաբար, ունենալու ենք գնաճ, որին ԿԲ-ն ավելցուկային պահանջարկի զսպման տեսանկյունից արձագանքելու է: Արձագանքը լինելու է տոկոսադրույքի բարձրացումը», -ասաց Գալստյանը՝ հույս հայտնելով, որ այդ սցենարով չեն գնա: