Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գարիկ Գալեյանի դատը
«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին և առաջին դատը տեղի է ունենալու Նոր Նորքի և Ավանի առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 2-ին (հիբգշաբթի օր) ժամը 15։00 -ին՝ Գյուլիքեվխյան, 20 հասցեով։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, 2022թ․ հունիսի 30-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։
Նշենք, որ շշով ջուր լցնելը մարդու գլխին որպես խուլիգանություն որակելը և այդ հիմքով քրեական հետապնդում իրականացնելը կարող է նախադեպային դառնալ և Վարդավառին հաջորդող օրերի ընթացքում՝ իհարկե բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանություններին քննադատող հազարավոր քաղաքացիների նկատմաբ հարուցվեն քրեական վարույթներ, և իշխանությունները կալանավայրերի սղության պատճառով ստիպված լինեն Իտալիայից պատվիրեն հարյուրավոր շարժական պատժիչ վրաններ»։